Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել: Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Արևմուտքի ու Ուկրաինայի կողմից հանրաքվեի արդյունքների չընդունումը, ՌԴ մեկուսացումը։ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանը նշում է, որ ժամանակակից աշխարում ընթացող քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային գործընթացները քաղաքացիավարական են, համակողմանի և համընդգրկուն, որտեղ նույնիսկ մեկուսացումը համաշխարհային ներառվածության և ներգրավվածության գործառնության եղանակ է: «Գլոբալ հասարակությունը գիտելիքի և «բաց» հասարակություն է, որը ենթադրում է պոլիարխիկ դեմոկրատական փոխազդեցություններ: Այս առումով Ռուսաստանի մեկուսացումն արևմտաեվրոպական երկրների կողմից կկրի հարաբերական բնույթ՝ համատեղվելով գլոբալ բաց հասարակության ինքնակարգավորման ընթացակարգերի շրջանակում: Ուկրաինայում աշխարհաքաղաքական արդի դիմակայությունը միջազգային հարաբերությունների քաղաքականության մի շարք վերլուծաբաններ համարում են «անկեղծության պահ» բոլոր բախումնածին կողմերի միջև: Արդի պայմաններում աշխարհաքաղաքական դիմակայության ազդեցիկ սուբյեկտները ոչինչ չունեն միմյանցից թաքցնելու և հրապարակայնորեն արտահայտում են իրենց ռազմավարական ծրագրերի և հավակնությունների մասին: Ի դեպ, հիմա մենք ականատես ենք տարածաշրջանային դիմակայության առաջին փուլին, որտեղ ընթանում են «ինքնամեկուսացման» քայլեր և´ արևմտաեվրոպական երկրների, և´ Ռուսաստանի կողմից: Դա էլ իր հերթին ցույց է տալիս, որ առկա են ոչ թե սառը պատերազմի նախադրյալներ, այլ տաք պատերազմի կամ տաք գործընկերության շարունակականության ընթացակարգեր, ինչը ենթադրում է գլոբալ քաղաքականության սուբյեկտների բաց և շարժունակ մրցակցություն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այլ ոչ թե պասիվ դիմակայություն, ինչպես ենթադրում էր արդյունաբերական (ինդուստրիալ) հասարակությանը բնորոշ սառը պատերազմը՝ խիստ մեխանիակական ու «երկաթե վարագույրի» ձևաչափով»,- ասում է Աշոտ Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ գիտելիքի հասարակության պայմաններում ցանկացած գործընթաց կրում է գերազանցության, գերակայության և գերիշխանության բնույթ, որտեղ հիմնական չափանիշը սոցիալական կապիտալն է:
Որոշ փորձագետներ չեն բացառում, որ Ռուսաստանի կազմում գտնվող հանրապետությունները կարող են հանրաքվե անել և անկախություն պահանջել։ Ռուսաստանը կարո՞ղ է ապահովագրել իրեն այդ սցենարից։ Ըստ քաղաքագետի՝ նման տեսակետներ կային նաև 2008 թվականին, երբ Ռուսաստանի կողմից ճանաչվեցին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնության հարապետություններին, ապա մեր զրուցակիցը կարծում է, որ 2000 թվականից և մինչև օրս ընթացող դաշնային կառավարման և տեղական ինքնակառավարման բարեփոխումները նպատակաուղղված են դաշնության սուբյեկտների առկա սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային հիմնախնդիրների կարգավորմանը:
Անդրադառնալով լարվածության մյուս օջախին՝ Արևելյան Ուկրաինային, պարոն Ալեքսանյանը նշում է, որ Ուկրաինայի արևելյան շրջանների վերաինտեգրման հարցում անգնահատելի կլինի Ռուսաստանի դերակատարությունը, որի համար էլ պաշտոնական Կիևը պետք է բարելավի Ռուսաստանի հետ հարաբերությունները. «Որքան էլ զարմանալի լինի, այս հիմախնդիրը ոչ այնքան քաղաքական, որքան լեզվամշակութային և կրոնական հարթության մեջ է: Արևելյան Ուկրաինայում անվստահությունը և անհանգստությունները կշարունակվեն, որովհետև հակառուսական և անհանդուրժողականության միտումները սրվեցին դեռևս 2010 թվականին, որը պայմանավորված էր ռուսաց լեզվի կարգավիճակի հետ, ինչպես նաև Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին Ուկրաինայի օրենքի նախագծի առաջադրմամբ ու 2012 թվականին արդեն այդ օրենքի ընդումամբ: 2010 թվականին Ուկրաիանյում ստեղծվեց նույնիսկ «Զբաղվեք գործով, այլ ոչ թէ լեզվով» համաուկրաինական շարժումը, որը պայքարում էր ուկրաինական հասարակության, այսպես կոչված, «ռուսաֆիկացիայի» դեմ»:
Խոսելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակցի վրա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների լարման հնարավոր ազդեցության մասին Ա. Ալեքսանյանը նկատեց, որ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և աշխարհասփյուռ հայկական համայնքների շահերը՝ ակնհայտ է, որ ցանկացած լարվածություն բացասական ազդեցություն կունենա մեր երկրի կայուն զարգացման և առաջընթացի վրա: «Կարծում եմ՝ Հայաստանը խնդիրներ կունենա միայն այն հարցերի հետ կապված, որոնցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն հակադրվում են Ռուսաստանի և Արևմուտքի շահերը: Հայաստանն անկախության տարիներից մինչև օրս կարողացել է գործընկերային հարաբերություններ պահպանել և´ Եվրաատլանտյան երկրների, և´ Ռուսաստանի հետ՝ փորձելով մերձենալ այնքանով, որքանով առկա են եղել բարնպաստ պայմաններ: Հայաստանը ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկիր է, ակտիվորեն համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ՝ ներառված է Եվրոպական և Եվրասիական ինտեգրման կառուցակարգերում»,- նշեց մեր զրուցակիցը: Այս համատեքստում նա նաև առանձնացրեց Հայաստանի կողմից տարածաշրջանային գործընթացների ակտիվ ներգավվածությունը և 2009 թվականին հայ-թուրքակական արձանագրությունների ստորագրման կարևորությունը, որոնց իրականացման հարցում մենք ականատես ենք մի կողմից Հայաստանի նախաձեռնողունակությանը, իսկ մյուս կողմից Թուրքիայի և արևմտաեվրոպական երկրների պասիվությունը:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ